Օբաման խուսափեց «ցեղասպանության» եզրույթից. Իր դիրքորոշումը չի փոխվել

Օբաման խուսափեց «ցեղասպանության» եզրույթից. Իր դիրքորոշումը չի փոխվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացնում է Аssociated Press-ը:

Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել, հայտնում է Tert. am-ը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին:

Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում:

Այս դաժան կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդը կապվեցին համայն մարդկության կապերով: Հասարակ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ հանգանակեցին` տուժած հայ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: ԱՄՆ կոնգրեսը հիմնեց Մերձավոր Արևելքի Օգնություն կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական օգնության ոլորտում առաջամարտիկ կազմակերպությունէ: Հազարավոր հայ փասխստականեր նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ուժեղ և ակտիվ համայնք ձևավորեցին` դառնալով ամերիկյան հասարակության հիմնասյուններից մեկը: Հասնելով հասարակության մեջ բարձր դիրքի` գործարարներ, բժիշկներ, դերասաններ և մարմնամարզիկներ` նրանք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան իրեն նոր օջախում:

Այս հարյուրամյակը հանդիսավոր պահ է: Այն մեզ կոչ է անում անդրադառնալ պատմական հիշողության կարևորությանը, ինչպես նաև պատմության հետ հաշվի նստելու դժվարին գործին: Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը:

Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ: Այս հանդիսավոր պահին մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին` հիշելու այն, ինչն արդեն կորսված է: Խոստանում ենք` ով տառապել է, չի մոռացվելու: Եվ մենք պարտավորեցնում ենք ինքներս մեզ դասեր քաղել այդ ցավալի ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն այն»,- ասել է Բարաք Օբաման, հայտնում է Panorama.am-ը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Օբամայի այս քայլը, սակայն, անակնկալ չէր: Օրեր առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Օբաման այս տարի ևս չի շեղվի նախորդ տարիների ավանդույթներից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես «ցեղասպանություն» բնորոշելու համար: Այդ է վկայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Էրիկ Շուլցի մամուլի ասուլիսի ելույթը, գրում է Գազետա.ռու-ն:

Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարին, թե ինչու էր նախագահ Օբաման 2008 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ կիրառում «ցեղասպանություն» եզրույթն, իսկ այժմ խուսափում է դրանից:

«Նախագահն ու վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս են որպես պատմական փաստ ճանաչել 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք մտադիր ենք օգտվել այս առիթից` ուշադրություն հրավիրելով 1915 թ. սարսափելի իրադարձությունների վրա և կոչ անելով փաստերի ամբողջական, ազնիվ ու արդար ճանաչման, ինչը, մեր կարծիքով, բխում է բոլոր կողմերի շահերից»,-հայտարարել է Շուլցը:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:

Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն ակնհայտորեն տանում օտար պետության կողմը, հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը»:

Համբարյանն ընդգծել է, որ «նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դրա մասին ճշմարտացիորեն խոսող նախագահ, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ»:

«Իրականում, այժմ պարզ է, որ նախագահ Օբամայի` Անկարային գոհացնելու ապակողմնորոշված փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին»,- եզրափակել է Համբարյանը, գրում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---