ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ.

«Պետդուման իր խորին ցավակցությունն է հայտնում եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած այլ ժողովրդներին և գտնում է, որ պատմության բարդ հարցերն ու միջազգային վեճերը հարկավոր է հանգուցալուծել խաղաղ միջոցներով, այդ թվում դիվանագիտական ջանքերով` հանուն կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման համայն աշխարհում:

Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է բարիդրացիության և իրավահավասար գործակցության օրինակ, խաղաղության ու արարչության տարածք դառնալ:

«Դրան է նպաստում բազմակողմ գործունեությունն այնպիսի միջազգային կառույցների շրջանականերում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակն է կայուն զարգացումը, մեր ժողովրդների բարգավաճումն ու մարդասիրական գաղափարների հաղթանակը»,-ասվում է ընդունված հայտարարության տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 22-ինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան կնպաստի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև գործակցության զարգացման մասին փաստաթղթերը կյանքի կոչվեն:

«Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի հանգուցալուծվի ղարաբաղյան հակամարտությունն ու այդպիսով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մենք դրա համար շատ բան ենք անում»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա, Ռուսաստանը մի քանի տարի առաջ սատարեց Անկարայի և Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին, որն ուղղված էր սահմանների բացմանը, փոխադարձ ճանաչմանը, գործակցության զարգացմանը: «Ցավոք, փաստաթղթերը ստորագրվեցին, բայց ուժի մեջ չմտան, որովհետև այս փուլում Թուրքիայում չստացվեց վավերացնել դրանք: Սակայն մենք ակտիվորեն կնպաստենք, որ դա տեղի ունենա»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---