Վիեննայի քաղխորհուրդը ճանաչել է Ցեղասպանությունը. Թուրքիան պարտավոր է առերեսվել անցյալին28 ապրիլի 2015 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին, հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին: Ելնելով պատմական պատասխանատվությունից` Ավստրո-հունգարական միապետությունն առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ: Մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել: Այնպիսի ժամանակաշրջանում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ` ընդդեմ ամբողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքների ու հալածանքների: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունն անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ: Վիեննայի Համայնքային խորհրդում ներկայացված կուսակցությունները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն ու հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա»: Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ քաղաքային խորհուրդը մտադրություն է հայտնել ակտիվորեն սատարել Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանը և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ` ի նպաստ թուրք-հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում: «2015թ. ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)), չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը, ողջունվում է Վիեննայի Համայնքային խորհրդում ներկայացված կուսակցությունների կողմից»,- նշվում է հայտարարության տեքստում: Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Դրանից հաջորդել է Թուրքիայի պատասխան քայլը. Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին: «Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունքով ընդունեցին, քանի որ այն հակասում է պատմական փաստերին ու անհիմն մեղադրում հանցանքների մեջ թուրք ժողովրդին: Ուստի, մեր դիրքորոշումը հայտնելով Անկարայում Ավստրիայի դեսպանին, որոշվեց հետ կանչել Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գյոգյուշին խորհրդակցությունների համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |