Բագրատաշենի նոր անցակետի շինարարությունը կավարտվի 2016-ին

Բագրատաշենի նոր անցակետի շինարարությունը կավարտվի 2016-ին

PanARMENIAN.Net - 2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից

Բագրատաշենում նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013-ի օգոստոսին: սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

«Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար և երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով և ճշգրտությամբ կիրականացվի»,- ասել է ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կգործի նաև առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար. ապագայի մաքսակետի նորույթներից է: Եվ ոչ միայն՝ 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն և այլն:

«Շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ամբողջ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,- վստահեցրել է մաքսատան պետը:

Շինարարական եռուզեռը չի խոչընդոտում Բագրատաշենի անցակետի ներկայի կանոնավոր աշխատանքին. ստեղծված են բոլոր պայմանները սահմանահատումն արագ և որակյալ սպասարկելու համար: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ապահովված է շուրջօրյա մաքսազերծում. ամբողջ գործընթացը տևում է մի քանի րոպե:

«Մինչև 2016-ը Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտևի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչև 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016-ին մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,- ընդգծել է Սաֆարյանը:

Հայաստանի հյուսիսային դարպասները միացնող Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով ապահովվում է երկրի արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը: Իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ աճել է ժամանակակից անցակետերի գործարկման նշանակությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---