Նաիրիտցիները՝ Ազատության հրապարակում. ՀՀ-ում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են

Նաիրիտցիները՝ Ազատության հրապարակում. ՀՀ-ում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի կրճատված ու գործող մի քանի հարյուր աշխատակիցներ մայիսի 1-ին` Աշխատավորների միջազգային օրը հավաքվել են Ազատության հրապարակում և սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցելու է տոնական համերգի:

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են «պարտքի մարում». Նրանք Ազատության հրապարակ են եկել նաև այլ պաստառներով՝ «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Հայաստանում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են», և ոչ միայն, գրում է Tert.am-ը:

Ազատության հրապարակում է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նախ բարձրախոսով շնորհավորել է նաիրիտցիներին՝ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, ապա կոչ արել ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին:

Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ նախագահն արդեն Օպերայի և բալետի թատրոնի շենքում է, և նաիրիտցիները որոշել են երթով գնալ դեպի կառավարություն՝ այնտեղ հնչեցնելու իրենց պահանջը:

Մարտի 24-ի ցույցի ժամանակ նաիրիտցիները հայտնել էին, որ նամակ են պատրաստել ուղղված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Նամակը 2006-ից մինչև օրս շարունակվող յուրացումների մասին է: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը տեղեկացրել է, որ ինչպես ամեն երեքշաբթի ժամը 11-ին, գալիք երեքշաբթի էլ կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց: Կառավարության ապրիլի 2-ի նիստից հետո վարչապետն ընդունել է նաիրիտցիներին: Նրանք ապրիլի 17-ին վերջնահաշվարկի մասով հստակ ժամանակացույց են պահանջել: Չնայած դրան նաիրիտցիները դժգոհ էին հանդիպումից և նշում էին, որ չեն դադարացնելու բողոքի ակցիաները: Միակ լավ լուրը նրանք այն էին համարում, որ երբ ներկայացրել են, թե չեն կարողանում մուծել իրենց ուսանող երեխաների ուսման վարձերը, վարչապետը հանձնարարել է այդ սովորող երեխաների ցուցակը ներկայացնել, իսկ կոմունալ վճարների վերաբերյալ ասել է, որ ոչինչ չի կարող անել:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---