Ռեիսյանը՝ Հալեպից. Վնասը գնահատելու համար Հայոց առաջնորդարանի տարածք մտնելն արկածախնդրություն է

Ռեիսյանը՝ Հալեպից. Վնասը գնահատելու համար Հայոց առաջնորդարանի տարածք մտնելն արկածախնդրություն է

PanARMENIAN.Net - Հալեպի Հայոց առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու պայթեցումը հատուկ հայկական համայնքի դեմ ուղղված գործողություն չի համարում:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախն ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

«Շրջանը արդեն շատ մոտ է զինյալներին և այդ կողմերից արձակված ռումբեր են, հրթիռներ են», - նշել է Ռեիսյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եկեղեցին գտնվում է քրիստոնեական այլ եկեղեցիների, պատմամշակութային կառույցների, Հալեպի թանգարանի կողքին։ Ռեիսյանը շեշտել է, որ զինյալների թիրախում են եղել այս բոլոր կառույցները:

«Երբ ամբողջ շրջանը ենթարկվում է ռմբակոծության, որի մեջ նաև տուժում է մեր եկեղեցին, կողքի եկեղեցիները շատ ավելի տուժած, կողքի այլևայլ հաստատությունները շատ ավելի տուժված, ինչպե՞ս կարող եմ ասել, որ թիրախը մենք ենք», - ընդգծել է նա: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան, հաղորդում են Հալեպից։

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանի խոսքով, մշակութային ու կրոնական մեծ արժեք ներկայացնող այս թաղամասում քրիստոնեական կառույցների դեմ ուղղված գործողությունները սկսվել են ապրիլի 26-ից:

«Պատկերացրեք՝ մեկ օրվա մեջ ավելի քան 100 գազի տակառ՝ պայթուցիկ նյութերով լցված, արձակել են այդ ամբողջ շրջանի եկեղեցիների, մշակութային տների, պատմական հաստատությունների վրա: Ուղղակի քանդելու նպատակով են արել, որովհետև այստեղ ո՛չ բնակչություն կա, ո՛չ բան կա», - նշել է նա:

Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ առայժմ արկածախնդրություն է վնասի չափերը գնահատելու համար առաջնորդարանի տարածք մուտք գործելը։ Հայկական համայնքի ներկայացուցչի տվյալով, մայիսի լույս 1-ի գիշերը ևս խաղաղ չի անցել՝ զինյալները շարունակել են պայթեցումները՝ նյութական ահռելի վնասներ պատճառելով ոչ միայն հայ համայնքին, այլև ողջ Հալեպի բնակչությանը։

«Համայնքում հստակ չեն կարող ասել, թե անցած 4 տարում ավերածությունները որքան վնաս է հասցվել բնակիչներին», - ասել է Ռեիսյանն ու ընդգծել, որ շատերը հնարավորության դեպքում սեփական միջոցներով են փորձում նորոգել իրենց բնակարանները:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել հայ համայնքի մայր եկեղեցու ավերման կապակցությամբ:

«Չարիքին պետք է վերջ տրվի», - գրել է նա։

Դեռ 2013-ի նոյեմբերին Բերիո թեմը տեղեկություն էր տարածել, որ Հալեպում խաղաղ թաղամասերի շարունակվող հրթիռակոծությունների թիրախում, ականատեսների խոսքով, նույն Սբ Քառասուն Մանկաց եկեղեցին է: Սիրիայում շարունակվող մարտերի հետևանքով եկեղեցին հայտնվել էր բախումների գոտում, որտեղ հաճախ են ռումբեր պայթում: Իսկ ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է: Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր:

Սա Սիրիայում քրիստոնեական արժեքների ոչնչացման միակ դեպքը չէ: Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով:

Իսկ 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։ Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---