Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Շվեդիայի խորհրդարանում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Շվեդիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն կազմակերպվել էր Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Հանս Լինդեի և Ֆրեդրիկ Մալմի կողմից։

Միջոցառմանը ներկա էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթով հանդես եկան խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, պատգամավորներ Հանս Լինդեն և Ֆրեդրիկ Մալմը, Սիրիական ուղղափառ պատրիարքության ներկայացուցիչ Մուրատ Փոսլուկը։

Ժողովրդական (լիբերալ) կուսակցության պատգամավոր Ֆրեդրիկ Մալմը խոսեց Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. ընդունված բանաձևի կյանքի կոչման կարևորության մասին։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, որոնց ականատեսն ենք լինում այսօր Սիրիայում, դեսպանը խստորեն դատապարտեց նաև Սիրիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության արժեքների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները։ Դեսպանն ընդգծեց, որ պատմությունը չի կարող թողնվել միայն պատմաբաններին, ինչպես մարդու իրավունքները չեն կարող թողնվել միայն իրավաբաններին։ Քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին` լինի դա ներկայում, թե անցյալում։

Արտակ Ապիտոնյանը հիշատակեց Շվեդիայի առաջադեմ գործիչներին, ովքեր Ցեղասպանության տարիներին հայանպաստ գործունեություն են ծավալել՝ միսիոներուհի Ալմա Յոհանսոն, Ստոկհոլմի քաղաքապետ Կարլ Լինդհագեն, աստվածաբան Նաթանաել Բեսկով և այլն։ Նա հատուկ անդրադարձավ ժամանակի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և ապագա վարչապետ Յալմար Բրանտինգին, ով դեռեւս 1917թ. նկարագրել էր հայկական ջարդերը` որպես կազմակերպված և հետևողականորեն իրականացված ցեղասպանություն՝ օգտագործելով այդ եզրույթի շվեդերեն` «folkmordet» տարբերակը։

Դեսպանը երախտիքի խոսք հայտնեց նաև Շվեդիայի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներին, ում ջանքերի շնորհիվ 2010թ. խորհրդարանի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Ձախ խմբակցության ղեկավար Հանս Լինդեն նշեց, որ տպավորված է ապրիլի 22-ից 24-ը Երևանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների բարձր մակարդակով։ Լինդեն նաև բարձր գնահատեց ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության ստանձնած ակտիվ դերակատարումը՝ նշելով, որ նման բարձր բարոյականությամբ օժտված արտաքին քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի մյուս երկրների համար։

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանը նույնպես կիսեց իր տպավորությունները Հայաստանում անցկացված հիշատակի միջոցառումներից, ներկայացրեց Երևանում կազմակերպված Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ ֆորումում իր ելույթը, որում անդրադառնում էր Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությանը և Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական և ասորական երգեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---