ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը միացել է Հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ հայտարարությանը

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը միացել է Հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ հայտարարությանը

PanARMENIAN.Net - Ռուսական կողմի նախաձեռնությամբ առաջին անգամ ԵԱՀԿ Մշտական խորհրդի օրակարգում որպես հիմնական հարց ընդգրկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի վերաբերյալ հարցը: Քննարկումների շրջանակում Ղազախստանի դեսպանը հրապարակել է ԱՊՀ մի շարք երկրների մշտական ներկայացուցիչների հայտարարությունը Մեծ հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ:

Լրացնելով Համատեղ հայտարարությունը` ելույթ են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի մշտական ներկայացուցիչները` կարևորելով նախկին ԽՍՀՄ ժողովրդների առանցքային դերակատարությունը նացիզմի ջախջախման և Եվրոպայի ազատագրման, նացիստների և նրանց հանցակիցների հերոսացման անթույլատրելիության, Եվրոպայում նացիստական գաղափարախոսության տարածման փորձերին հակազդելու անհրաժեշտությունը:

Հաղթանակի 70-ամյակի թեման հնչել է նաև գործող սերբական նախագահության, ԱՄՆ, Եվրամիության, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մոնղոլիայի, Վատիկանի, Իսրայելի պատվիրակությունների ելույթներում: Կարևորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ու նրա դասերի մասին հիշողության պահպանումը, ջանքերի միավորումը նոր մարտահրավերների դեմ պայքարում:

Մշտական խորհրդում նաև բացվել է Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսն ուղեկցվում էր Կարմիր բանակի ազատագրական առաքելության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Տեղի ունեցավ նաև «Հաղթանակների ուղեցույցը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՌԴ ԱԳՆ աջակցությամբ, հայտնում է Lentacom.ru-ն:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Յոթ տասնամյակ է մեզ բաժանում Մեծ Հայրենականում տարած պատմական հաղթանակից: Դա մեծ ժամկետ է, սակայն մեր երկրի ժողովրդները հիշում են այդ պատերազմի բոլոր դրվագները. զրկանքներն ու սովը, ռմբակոծություններն ու մահը, մեր կորուստների ահռելի թվերը, առաջին հերթին միլիոնավոր մարդկային զոհերը: Պատերազմի դաժան տարիներին մարտի դաշտում և աշխատանքային ճակատում վառ դրսևորվեց մեր ժողովրդների անխափան բարեկամությունն ու մեծ հայրենասիրությունը, որոնք միասնաբար նվաճեցին ընդհանուր Հաղթանակը:

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր էլ կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց հետպատերազմյան սերունդների համար: Մայիսի 9-ի հաղթնակի օրն ընդմիշտ կմնա որպես հանուն մեր ժողովրդների ազատության ու անկախության պաշտպանության դրսևորված անձնուրացության և հերոսության խորհրդանիշ:

Մենք ողջունում ենք 2014-ի դեկտեմբերի 5-ին Բազելում ԵԱՀԿ ԱԳՆԽ ընդունած Հիշատակի հռչակագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ:

Մենք երբեք չենք բաժանել Հաղթանակը յուրայինի և օտարի և միշտ հիշելու ենք դաշնակիցների` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների աջակցության մասին: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր եվրոպացիների արիությանը, որոնք դիմադրեցին նացիզմին:

Պատմությունը սովորեցնում է. պետություններն ու ժողովուրդները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի ուշադրությունից դուրս չմնան այնպիսի դոկտրինները, որոնցից նոր սպառնալիքներ են առաջանում: Պատերազմի դասերը զգուշացնում են մեզ, որ անտարբերությունն ու լռությունն անխուսափելիորեն հանգեցնում են համաշխարհային մասշտաբի սարսափելի ողբերգությունների: Ուստի աշխարհի պետությունները պետք է այնպիսի հարաբերություններ կառուցեն, որոնք ամրագրված են ոչ միայն անցյալի դասերով, այլ նաև միտված են ապագային:

1945 թվականին նվաճած Հաղթանակի ընկալումը որպես համամարդկային արժեք հաստատվեց ՄԱԿ ԳՎ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը» 2015-ի փետրվարի 26-ին միաձայն ընդունված հռչակագրով, որտեղ կոչ է արվում մայիսի 8-ն ու 9-ը նշել, որպես հարգանքի տուրք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Այս բանաձևը հիշեցնում է նաև այս պատերազմի ավարտի և ՄԱԿ ստեղծման անխախտ կապի մասին:

Մենք կտրականապես չենք ընդունում և դատապարտում ենք պատմությունը վերախմբագրելու, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները խեղաթյուրելու և վերանայելու փորձերը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---