«Թուրքական հոսք». Անկարայի ագրեսիան ՌԴ դեմ և ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունը

«Թուրքական հոսք». Անկարայի ագրեսիան ՌԴ դեմ և ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան, կարծես, լրջորեն նեղացել է Ռուսաստանից՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի դիրքորոշման պատճառով: Ոչ բարեկամական հայտարարությունները, այդ թվում՝ Ղրիմի առնչությամբ, հաջորդում են միմյանց։ Իրո՞ք երկու երկրների միջև սառեցում է տեղի ունենում, և դա արդյոք կազդի՞ «Թուրքական հոսք» նախագծի վրա:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 13-ին հայտարարել է, որ թուրքական ոչ պաշտոնական պատվիրակությունը, որը մեկնել էր Ղրիմ, մարդու իրավունքների խախտումներ է հայտնաբերել: Ակնհայտ է, որ հակառուսական հայտարարությունները, այդ թվում՝ Ղրիմի և Ուկրաինայի հարցում Մոսկվայի «սխալ» քաղաքականության մասին, պաշտոնական Անկարան սկսեց անել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնեց Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, Взгляд-ին հղումով գրում է Tert.am-ը։

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վատացումը (առնվազն հռետորաբանության մակարդակում) հակասում են երկու երկրների խորացող տնտեսական համագործակցությանը՝ նախ էներգետիկ ոլորտում։

Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Յուլյա Կուդրյաշովան կարծում է, որ թուրքական իշխանությունների խիստ քննադատությունը Ռուսաստանի հասցեին պայմանավորված է Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումով։

«Հաշվի առնելով, որ այնտեղ է Ջոն Քերին, որտեղ բանակցություններ են ընթացել թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ, Թուրքիան պետք է ինչ-որ կերպ քաղաքականապես միանար ՆԱՏՕ-ին»,- ասել է նա։

Դաշինքի ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկել է մայիսի 13-ին և քննարկման հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի քաղաքականությունն է։

Պարբերականի զրուցակիցը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը պատճառ էր փնտրում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին Մոսկվա չմեկնելու համար։ «Ինչ-որ պատճառ, ամեն դեպքում, Էրդողանը պետք է գտներ, որպեսզի չմասնակցեր շքերթին։ Չէ՞ որ արևմտյան երկրները Թուրքիային քննադատում էին, որ չի մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին ու շարունակում է տնտեսական նախագծեր իրականացնել, ինչպես, օրինակ, «Թուրքական հոսքն» է»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ արևմտյան երկրների ուշադրությունը շեղելու և քննադատությունից խուսափելու համար Թուրքիային պատճառ էր պետք՝ ապացուցելու, որ երկիրը քաղաքականապես Արևմուտքի հետ է և Ղրիմի ու Ուկրաինայի հարցում չի աջակցում Ռուսաստանին։ Ռուսաստանին քննադատելու համար ևս պատճառ էր պետք։

«Այդ պատճառով Էրդողանը կառչեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պուտինի հայտարարությունից և Ռուսաստանին քննադատելու համար հարմար պատրվակ գտավ»,- ասել է մասնագետը և նշել, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական շահերից։

Իսկ РИА Новости գործակալությունը գրում է՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը պատասխանատվությամբ գնահատի էներգետիկ անվտանգության ոլորտում իրավիճակը, ապա պետք է աջակցի «Թուրքական հոսք» նախագծի բանակցություններին։

«Մենք հետաքրքրություն ենք զգում Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի և տարածաշրջանի այլ երկրների կողմից: Ես կարծում եմ, որ այժմ ամենալավ ժամանակն է ուսումնասիրելու բոլոր գործնական կողմերը՝ լոգիստիկ և ֆինանսավորման տեսանկյուններից»,-ասել է Լավրովը՝ սերբ գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

«Կարծում եմ՝ եթե Եվրոպական միությունը հիմնավորի իր մոտեցումներն էներգետիկ անվտանգության ապահովման իրավիճակը գնահատելու առումով, ապա Բրյուսելում պետք է աջակցեն այդ բանակցություններին ու իրենց ներդրումն ունենան այդ գաղափարների իրականացման համար»,- ընդգծել է Լավրովը:

«Թուրքական հոսքի» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։ Նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում: Իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---