Հան. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Հան. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակաարտությունը լուծելու համար: Ադրբեջանական Trend գործակալության համաձայն, այդ մասին Ռիգայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, հայտնում է Tert.am-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի բավական վաղուց: ԵՄ-ն փորձում է անել հնարավորը հակամարտության լուծման համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ օգտագործեն դրա լուծման համար: Լավ օրինակ են Բալկանները, որտեղ մենք տեսանք միջսահմանային համագործակցություն: Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ նախագիծն առաջին հերթին կարևոր է երկրների միջև վստահության կառուցման համար:

Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը»,-ասել է նա:

Մայիսի 21-ին Ռիգայում իր աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Մայիսի 14-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ: «Բայց եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլեր, համանախագահները միշտ պատրաստ են աջակցել»,-ասել է նա:

Սակայն մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին: «Մինչև առաջին Եվրոպական խաղերի մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնում, վերջին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ուստի Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին»,-ասել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Նախագահի օգնականը հայտարարել է, որ Ռիգայի գագաթնաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---