Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած եվրասիական աստղագիտական համագումարին

Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած եվրասիական աստղագիտական համագումարին

PanARMENIAN.Net - Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում մայիսի 25-ից 30-ը տեղի են ունեցել Եվրասիական աստղագիտական ընկերության 12-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը մեր տիեզերական շրջապատից մինչև հեռավոր տիեզերաբանություն» թեմայով գիտական կոնֆերանսը, որոնց մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մոտ 120 գիտնականներ:

Կոնֆերանսին լսվել և քննարկվել են աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ՝ բաժանված մի շարք զուգահեռ նստաշրջանների` «Աստղաչափություն և երկնային մեխանիկա», «Արեգակ», «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր», «Ժամանակակից աստղաբաշխություն», «Արտագալակտիկական աստղագիտություն», «Աստղագիտական կատալոգներ, տվյալների շտեմարաններ, շրջահայություններ և վիրտուալ աստղադիտարաններ», ինչպես նաև «Աստղագիտության դասավանդում և մասսայականացում» թեմաներով:

Ներկայացվել են նաև 17 պլենար զեկուցումներ։ Տեղի են ունեցել համագումարի և Ընկերության վարչության 2-ական նիստ։ Համագումարը քննարկել է կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները, նախկին Խորհրդային Միության տարածքում աստղագիտության զարգացման հեռանկարները, այդ թվում` գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների, գիտական կոնֆերանսների, երիտասարդական դպրոցների կազմակերպումը և այլն:

Հայաստանից համագումարին և գիտական կոնֆերանսին մասնակցել են Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատողներ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և Եվրասիական աստղագիտական ընկերության վարչության անդամ Արեգ Միքայելյանը և Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը։ Նրանք երկուական զեկուցումներ են ներկայացրել «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր» և «Արտագալակտիկական աստղագիտություն» նստաշրջաններում։ Արեգ Միքայելյանը նաև հանդես է եկել «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» պլենար զեկուցմամբ, ինչպես նաև մասնակցել Ընկերության վարչության նիստերին։

Եվրասիական աստղագիտական ընկերությունը ստեղծվել է 1990թ. որպես Խորհրդային Միության աստղագիտական ընկերություն, սակայն վերջինիս փլուզումից հետո վերանվանվել է Եվրասիական աստղագիտական ընկերություն և ներկայումս նրա կազմում կան 31 երկրների մոտ 800 գիտնականներ: Հայաստանից Ընկերության անդամ են 12 աստղագետ, իսկ Հայկական աստղագիտական ընկերությունը Եվրասիական աստղագիտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---