Վիետնամն ու ՀՀ-ն միջկառավարական հանձնաժողով կստեղծեն

Վիետնամն ու ՀՀ-ն  միջկառավարական հանձնաժողով կստեղծեն

PanARMENIAN.Net - Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի և Ղրղըզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ:

Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք ստեղծել փոխշահավետ գործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրկ հարաբերություններում Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև գործակցությունը նոր գործոն է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրի միջև գոյություն ունի տնտեսական մեծ ներուժ, և պետք է գործուն քայլեր ձեռնարկել այն իրացնելու համար:

Այս համատեքստում Հայաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, որը կխթանի առևտրատնտեսական գործակցությունը: Կարևորվել է նաև համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը, ինչը նույնպես կնպաստի տնտեսական կապերի հետագա զարգացմանը: Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար համաժողով կազմակերպելու առաջարկները:

Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային ասպարեզում գործակցության խորացումը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել է ԵՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև համաձայնագիրը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Հովիկ Աբրահամյանի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական գործակցության զարգացման հեռանկարները և կարևորվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տնտեսական կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում գործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Աբրահամյանն առանձնազրույց էր ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրի վարչապետները քննարկել էին հայ-բելառուսական տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Վարչապետներն անդրադարձել էին ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում գործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---