ԱԳԼՃԿ-ներում ստուգումներ են. 11 գազալցակայան արդեն տուգանվել է

ԱԳԼՃԿ-ներում ստուգումներ են. 11 գազալցակայան արդեն տուգանվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում ավտոգազալցակայանների ստուգումների ընթացքում 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Այս մասին զեկուցվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի խոսքով, ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացի սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:

Նախարար Արմեն Երիցյանն էլ հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:

2105-ի ընթացքում հանրապետությունում գազի պայթյունի չորս դեպք է գրանցվել. 1-ը՝ Երևանում ,մեկն Արմավիրի մարզում, ևս 2-ը՝ Կոտայքի մարզում: Պայթյունների հետևանքով 3 մարդ էր զոհվել, 3-ը վիրավորվել էին, ընդ որում պայթյուններից 3-ի դեպքում պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնն էր:

ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ նախարարի հանձնարարությամբ վերջին դեպքերով պայմանավորված ավելի են խստացվել ստուգումները.

«Քանի որ չորս դեպքից երեքը տեղի են ունեցել մեկ ամսվա ընթացում, դրանով պայմանավորված աշխատանքային խմբեր են ստեղծվել Երևանում և մարզերում` ստուգումներ իրականացնելու նպատակով»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու են հատկապես հիմա ակտիվ աշխատանքներ իրականացվում, Հայրապետյանը պատասխանեց, որ օրենքի համաձայն իրենք իրավունք չունեն գազալցակայաններում 2-3 տարվա ընթացքում մեկ անգամից ավելի ստուգումներ իրականացնել: Բացի այդ, արդեն երկու տարի է, ինչ ռիսկի վրա հիմնված ստուգումներ են իրականացնում, ինչը ենթադրում է հաշվի առնել նաև օբյեկտի ռիսկայնության աստիճանը, այսինքն՝ ինչքան բարձր է ռիսկայնությունը, այնքան ավելի շատ են ստուգումներ իրականացվում:

Կառավարության մայիսի 27-ի նիստում վարչապետը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին հարցել էր, թե ինչ ուսումնասիրություններ են արել վերջին շրջանում գազալցակայաններում պայթյունների վերաբերյալ, ինչին գերատեսչության ղեկավարը պատասխանել էր, թե նախօրեին Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանում պայթյուն էր եղել, մինչև այդ, 6 ամիս առաջ, այն տուգանվել էր 1 մլն դրամով, հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չէր արվել։ Կառավարության ղեկավարը հանձնարարել էր խիստ վերահսկել անվտանգության ռեժիմները:

Հայաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք: ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի (IRF) 2014-ի վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում գազով է աշխատում մեքենաների 77.3%-ը:

Ըստ նույն տարվա տվյալների, ՀՀ-ում շահագործվում է 334 ԱԳԼՃԿ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ: 2013-ին ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել է 454,9 մլն խմ. գազ, իսկ 2014-ին ակնկալվող սպառման ծավալը կազմում է 471,6 մլն խմ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---