10 հունիսի 2015 - 16:28 AMT
Գյուղնախարար. Պետք է ավելացնել պտուղ-բանջարեղենի արտահանումը

Արտահանման գործընթացն ընթացքի մեջ է և մի քանի օրից արդեն կսկսվի Հայաստանից ծիրանի արտահանումը: Այդ մասինգյուղնախարարությունում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված հարցերով հերթական խորհրդակցության ժամանակ ասել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա հավսատմաբ, տարին բավականին բերքառատ է, հատկապես ծիրանի և խաղողի առատ բերք է սպասվում: Անդրադառնալով արտահանման կազմակերպման հարցին` գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի արտահանման համար. ընթացակարգն առավելագույնս պարզեցված են, ուստի անհրաժեշտ է օգտվել ստեղծված հնարավորությունից և ավելացնել պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը, հատկապես՝ դեպի ռուսական շուկա:

2015-ի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 3162.69 տոննա պտուղ, հատապտուղ և խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2835.13 տոննայի համեմատ:

Արտահանող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով` արդեն իսկ հանրապետությունից կաղամբի և կարտոֆիլի խմբաքանակ է արտահանվում, փաստաթղթային ձևակերպումների հետ կապված խնդիրներ էլ չկան: Որպես հիմնական խոչընդոտ նրանք առանձնացրել են Վերին Լարսի անցակետում որոշ դեպքերում գոյացող հերթերը:

ԱՎԾ տվյալների համաձայն, նախորդ տարի` 2014-ին, արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1.29 մլրդ դոլար: Հայաստանն արտահանել է 376.4 մլն դոլարի (անկումը 1,9%) ապրանք և ծառայություն, ներկրել գրեթե 881.7 մլն դոլարի ապրանք (աճը` 4,6%): Ըստ նախնական տվյալների, արտահանումը Հայաստանից ԵՄ երկրներ նվազել է 6.9%-ով` կրճատվելով մինչև 144.4 մլն դոլար, ներմուծումը նվազել է գրեթե 35 % , մինչև 229.5 մլն դոլար: Իրան արտահանման և ներմուծման ծավալները նվազել են 40% և 8% համապատասխանաբար, արտահանումը Չինաստան, հակառակը, աճել է 25%`- մինչև 51 մլն դոլար, ներկրումը Չինաստանից կրճատվել է մոտ 23.5%-ով: