Ռիկսդագում կայացել է Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի առաջին նիստը

Ռիկսդագում կայացել է Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի առաջին նիստը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձևավորված խմբի անդրանիկ նիստը։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով խմբի առաքելությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցության խթանման գործում: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական իրավիճակը, հայ-շվեդական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Բարեկամության խմբի մեջ ընդգրկված են Շվեդիայի օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների անդամներ։ Խումբը գլխավորում է խորհրդարանի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Իսաբել Դինգիզյանը, իսկ տեղակալի պաշտոնը կստանձնի Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանս Լինդեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մայիսին Շվեդիայի Ձախակողմյանների կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հանս Լինդեն հայտարարել է, որ իր կուսակցությունը նախաձեռնել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութերը Շվեդիայի դպրոցական դասագրքերում ընդգրկրելու հարցը, հայտնում է Panorama.am-ը Horizon Weekly-ի վրա հղումով:

Լինդեն նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:

Ապրիլի 29-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն կազմակերպվել էր Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Հանս Լինդեի և Ֆրեդրիկ Մալմի կողմից։

Միջոցառմանը ներկա էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթով հանդես եկան խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, պատգամավորներ Հանս Լինդեն և Ֆրեդրիկ Մալմը, Սիրիական ուղղափառ պատրիարքության ներկայացուցիչ Մուրատ Փոսլուկը։

Ժողովրդական (լիբերալ) կուսակցության պատգամավոր Ֆրեդրիկ Մալմը խոսեց Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. ընդունված բանաձևի կյանքի կոչման կարևորության մասին։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, որոնց ականատեսն ենք լինում այսօր Սիրիայում, դեսպանը խստորեն դատապարտեց նաև Սիրիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության արժեքների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները։ Դեսպանն ընդգծեց, որ պատմությունը չի կարող թողնվել միայն պատմաբաններին, ինչպես մարդու իրավունքները չեն կարող թողնվել միայն իրավաբաններին։ Քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին` լինի դա ներկայում, թե անցյալում։

Դեսպանը երախտիքի խոսք հայտնեց նաև Շվեդիայի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներին, ում ջանքերի շնորհիվ 2010թ. խորհրդարանի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Ձախ խմբակցության ղեկավար Հանս Լինդեն նշեց, որ տպավորված է ապրիլի 22-ից 24-ը Երևանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների բարձր մակարդակով։ Լինդեն նաև բարձր գնահատեց ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության ստանձնած ակտիվ դերակատարումը՝ նշելով, որ նման բարձր բարոյականությամբ օժտված արտաքին քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի մյուս երկրների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---