Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջը հնարավոր չէ բավարարել ֆինանսական փոխհատուցման ճանապարհով

Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջը հնարավոր չէ բավարարել ֆինանսական փոխհատուցման ճանապարհով

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաննպարզաբանել է վերջերս Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված պահանջատիրական հայցի էությունը: Տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիսում (այժմ` Ղոզան) գտնվող պատմական կաթողիկոսարանը հետ վերադարձնելու վերաբերյալ հայցը չի կարող բավարարվել` ստանալով ֆինանսական փոխհատուցում, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: Տվյալ պահանջը հնարավոր չէ բավարարել ֆինասական փոխհատուցում տրամադրելու ճանապարհով: Հայցի էությունը անշարժ գույքի վերադարձն է, այլ ոչ թե դրա դիմաց փոխհատուցում ստանալը:

Հայց ներկայացնելու վերաբերյալ որոշման հինական դրդապատճառն այն է, թե Հայ եկեղեցու ու ազգի համար Սիսի կաթողիկոսարանն ինչպիսի ահռելի կրոնական ու պատմական նշանակություն ունի: Տվյալ հայցը հիմնված է 2 իրավական սյան վրա`կաթողիկոսարանը տվյալ անշարժ գույքի նկատմամբ ունի սեփականատիրական ու կրոնական իրավունքներ: Չնայած, որ ըստ թուրքական օրենքների՝ սեփականատիրոջ իրավունքի վերականգնումը կարող է առաջ քաշել փոխհատուցման հարցեր, ապա կրոնական իրավունքի վերականգնումը միանգամայն այլ հարց է: Այն կարելի է լուծել բացառապես սեփականությունը վերադարձնելու, այն վերակառուցելու ու որպես ուխտատեղի օգտագործելու ճանապարհով: Սա բանակցելուն ոչ ենթակա պահանջ է, որից հետ չենք կանգնելու` անկախ ամեն ինչից»,- նշվում է հայտարարության մեջ:

Դրանում ասվում է նաև, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից բավարարող վճիռ չստանալու դեպքում կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տեղեկություն տարածեց Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց ներակայացնելու մասին: Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Մինչդեռ Մարդու իրավունքների գծով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն նշել է, որ նման բովանդակությամբ սա առաջին դատական գործն է Թուրքիայում: «Դատական հայցը, որ երկուշաբթի ներկայացրեցի Թուրքիայի Սահմանադրական դատարան այս բնույթի առաջին գործն է Թուրքիայում` եկեղեցական գույքն իր տերերին վերադարձնելու պահանջով»,- ասել է նա` հավելելով, որ դատավարության ընթացքում չի շոշափվելու Հայոց ցեղասպանության հարցը:

Պատասխանելով հարցին, թե ինչքան տարածք է զբաղեցնում Սիսի կաթողիկոսարանը, դատական գործով թուքական օրենսդրության մասով խորհրդատուն նշել է, որ հստակ տեղեկություն չկա, քանի որ 1983-ին և 2001-ին ընդունած հատուկ կարգավորումներով թուրքական իշխանություներն արգելել են հետազոտել հայկական գույքի գրանցամատյանները: «Որքան որ ես կարող եմ գնահատել, ելնելով նկարներից և 2 անգամ այցելելով այդ տարածքով, այն մեծ է»,- ասել է Սոֆուօղլուն, որին ևս Կոզանի վարչական շրջանի հողի սեփականության գրանցամատյաններն ուսումնասիրել արգելել են:

Մինչդեռ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---