19 հունիսի 2015 - 12:53 AMT
ԱԺ. Հայփոստը կվաճառվի մասնավոր ընկերությանը

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում խորհրդարանականները 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ և վերջնական ընթերցմամբ որոշում են ընդունել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Հայփոստ» ՓԲԸ-ը վաճառել մասնավոր ընկերությանը:

«Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատատողների համար», - նշվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում:

2015-ի հունվարի 1-ի դրությամբ Հայփոստի աշխատակիցների ցուցակային թիվը կազմել է 2.959 մարդ, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 520 993 հազ. դրամ: Հայփոստը ՀՀ փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորն է: Որպես հիմնական գործունեություն` այն մատուցում է փոստային կապի ունիվերսալ և փոստային կապի այլ ծառայություններ ՀՀ ամբողջ տարածքում:

Հայփոստը հիմնադրվել է 1994թ.-ի հոկտեմբերի 12-ին: 1997-ին Հայփոստը վերածվել է Հայաստանի ՀՀ կապի նախարարության «ՀայՓոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, որը կառավարվել է անմիջապես լիազորված պետական մարմնի կողմից:

Փոստային ենթակառուցվածքը արդիականացնելու և բարելավելու համար 2006թ.-ին Կառավարությունը որոշել է պրոֆեսիոնալ կառավարչի ներգրավել և Հայփոստի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման` Հավատարմագրային Կառավարչին: Այդ ժամանակ ակնհայտ է դարձել, որ նշված արդիականացման և բարելավման շարունակման համար երկարաժամկետ և մեծածավալ ներդրումների անհրաժեշտություն կա: