Փորձագետ. «Արևելյան գործընկերությունը» հասավ նպատակին որոշ երկրների դեպքում

Փորձագետ. «Արևելյան գործընկերությունը» հասավ նպատակին որոշ երկրների դեպքում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հասավ նպատակին երեք երկրների` Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այս փուլում ԵՄ-ն դեռևս գոհ է արդյունքից և առավել հավակնոտ նպատակներ չի դնի. Ժամանակը դրա համար հարմար չէ, կարծում է փորձագետ-միջազգայնագետ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական ինստիտուտի Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Կիրիլ Էնտինը:

Պրահայում տեղի ունեցած առաջին գագաթնաժողովում հստակ ձևակերպում տրվեց. ԵՄ-ն մտադիր է ասոցացման մասին համաձայնագիր կնքել և առևտրի ազատ գոտի ստեղծել: Առևտրի ազատ գոտին ստեղծվել է Մոլդովայի և Վրաստանի հետ, իսկ 2016-ի հունվարի 1-ից կգործարկվի նաև Ուկրաինայի հետ: «Կարելի է ասել, նախագիծը հարաբերականորեն հաջող իրագործեց դրված խնդիրները այս 3 երկրի դեպքում: Ճիշտ է, կողմնակի երևույթները հսկայական էին»,-ասել է Էնտինը:

Միևնույն ժամանակ, ասել է փորձագետը, դեռ պարզ չէ, ինչ անել Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնց ԵՄ հետ ինտեգրվելու ցանկությունը զուտ պայմանական է:

«Նրանց համար կարևոր է որոշակի կապեր պահպանելը, ֆինանսավորում ստանալը, սակայն եվրաինտեգրման իրական ուղիով նրանք մտադիր չեն գնալ: Այդ պատճառով էլ նրանց համար գործընթացը պայմանական է մնում: Ավելին, բաց է մնում հարցը, թե ինչ անել այն պետությունների դեպքում, որոնց նպատակը «Արևելյան գործընկերության» ծրագրով իրագործվեց, սակայն նրանք ավելին են ուզում»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, ամենածայրահեղ տարբերակը նրանց անդամակցության հեռանկար առաջարկելն է որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում: Դեռևս ԵՄ-ն առանց այցեքարտերի ռեժիմի բոնուսն է խաղարկում Վրաստանի ու Ուկրաինայի համար, սակայն նրանց համար դա բավարար չէ: Սակայն Եվրամիությունը ընդհանուր առմամբ բավարարված է ընթացքից և ավելի մեծ խնդիրներ չի դնի. Ժամանակը այն չէ:

«Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե ամենահզոր գրգռիչն էր Ռուսաստանի համար և ոչ ոք չի ուզում էլ ավելի վատթարացնել հարաբերությունները նրա հետ: Մի շարք երկրներ կողմ են լարվածության նվազմանը: Համապատասխանաբար, նրանք չեն սատարի «Արևելյան գործընկերության» առավել հավակնոտ նպատակներին»,-եզրակացրել է Էնտինը, հայտնում է Mixnews.lv-ին:

Նախօրեին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասաց, որ «Արևելյան գործընկերությունը» սխալ էր և հենց այդ հռետորաբանությունը հանգեցրեց այն հետևանքներին, որոնք «այժմ տեսնում ենք Ուկրաինայում»: Այնուամենայնիվ, չնայած ընթացիկ իրավիճակին, ըստ նրա, Ռուսաստանը չի հրաժարվում «մեծ Եվրոպայի» գաղափարից:

Առաջին փոխվարչապետը պարզաբանել է, որ մինչև 2005 թվականը, երբ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը ստանձնեցին Ժոզե Մանուել Բարոզուն և նրա հանձնակատարները, մոտեցումը ընդհանուր տնտեսական և հումանիտար տարածքի կառուցմանը Եվրոպայի և ՌԴ միջև միանգամայն այլ էր և մշակվեց ճանապարհային քարտեզ, որն այն ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անվանեց «մեծ Եվրոպա Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»: ԵՀ-ում ղեկավարության փոփոխությունից հետո կրկին սկսեցին խոսել այն մասին, որ Եվրոպան չի կարող այդքան մեծ կախում ունենալ ՌԴ-ից, հավելել է նա, հայտնել է ՌԲԿ-ն:

«Այս օրակարգը երբեք չի անհետացել: Մենք միշտ սատարել ենք «մեծ Եվրոպայի» գաղափարին, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը»,-ասել է Շուվալովը: Ըստ նրա, այն ժամանակ պետք էր պայմանավորվել, մի կողմ թողնելով բարդ հարցերը, իսկ բանակցությունների մասնակիցները «խրվեցին» էներգետիկ փոխգործակցության նոր ձևակերպումների մեջ:

Ընդհանուր տնտեսական տարածքի ապագան պետք է տարանջատել զուտ քաղաքական օրակարգից, ասել է նա. «Սխալ է, երբ քաղաքականությունն ու տնտեսությունը կապված են, քանի որ ի վերջո պատժվում են հասարակ, շարքային մարդիկ, ԵՄ և ՌԴ քաղաքացիներ»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---