ՀԲ-ն խորհուրդ է տալիս լուծարել «Նաիրիտը». Գործարանը շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները

ՀԲ-ն խորհուրդ է տալիս լուծարել «Նաիրիտը». Գործարանը շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները

PanARMENIAN.Net - «Նաիրիտ գործարան»-ի տեխնիկական, առևտրային և ֆինանսական ընթացիկ գնահատման արդյունքները վկայում են, որ ընկերուրթյունը ծանր բեռ է կառավարության համար և շարունակում է վատնել ռեսուրսները: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։

ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով:

Ուսումնասիրությունն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփել է Համաշխարհային բանկը, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաշվետվության, գործարանը չի գործել 2010-ից ի վեր, և դրա մասնավոր սեփականատերը լքել է այն: Գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ ՀՀ դրամը ($250 մլն), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: Այդ ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ ՀՀ դրամ ($48 մլն), ներառյալ կրեդիտորական պարտքը մատակարարված գոլորշու դիմաց: Ըստ փորձագետների, եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա` տարեկան մոտ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով ($4-6 մլն) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար:

Ակտիվների հաշվեկշռային արժեքը վարկերի և կրեդիտորական պարտքերի մնացորդների 50%-ից ցածր է: Սա նշանակում է, որ ընկերության ակտիվները բավարար չեն դրա պարտավորությունները մարելու համար: Հիմնական միջոցների ընթացիկ հաշվեկշռային արժեքը կազմում է 57 մլրդ դրամ ($119 մլն): Սակայն հիմնական միջոցների զգալի մասը նշանակալի մաշվածություն ունի, որը դեռ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում, քանի որ վերջին ժամանակաշրջանում ակտիվների վերագնահատում չի կատարվել:

Գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքն արդեն մոտ 18 ամսվա է: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը: Նախագահի հրամանով նաիրիտցիների պարտքը մինչև հուլիսի 15-ը կմարվի:

Հաշվետվությունում նաև նշվում է, որ «Նաիրիտ»-ի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի (ՊՔԿ) կանխատեսվող շուկայական գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ: ՊՔԿ-ի ընթացիկ և կանխատեսվող գների պարագայում գործարանն աշխարհի մասշտաբով մրցունակ լինել չի կարող արտադրության բարձր ինքնարժեքի, ՊՔԿ-ն հիմնական արտահանման շուկաներ (օրինակ՝ Եվրոպա կամ Ասիա) հասցնելու հետ կապված մեծ ծախսերի և գլխավոր մրցակիցների գնային քաղաքականության պատճառով: Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից բխում է, որ կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը:

Ընկերության հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---