Human Rights Watch. Մտահոգիչ են Երևանում խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունները

Human Rights Watch. Մտահոգիչ են Երևանում խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունները

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Երևանում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ոստիկանությունն ուժ է կիրառել հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ խաղաղ ցույցը ցրելու համար՝ մտահոգություններ առաջացնելով մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անմիջապես սկսել անկախ և ամբողջական հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործված ուժն օրինաչափ էր և համաչափ, և եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկել անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու անձանց: Նրանք պետք է հետաքննեն ծեծի, լրագրողների սարքավորումների անօրինական ոչնչացման և ցույցերը լուսաբանող լրագրողների կամայական կալանքի ենթարկելու փաստերը, հայտնու է Tert.am-ը:

Հետաքննությունը պետք է նաև ուսումնասիրի այն հանգամանքները, որոնցում ջրցան մեքենաներ են կիրառվել, օրինակ, թե ինչ նախազգուշացումներ են արվել ցուցարարներին և ինչ հրահանգներ են տրվել ջրի շիթերն ուղղելու վերաբերյալ:

«Եթե անգամ Երևանի ցույցն արտոնված չէր, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումները»,- ասել է Human Right Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան: «Ցուցարարներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատու ոստիկանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Ականատեսներից մեկը պատմել է Human Rights Watch-ին, որ այն բանից հետո, երբ ոստիկանությունն առնվազն երկու նախազգուշացում է արել ցրելու վերաբերյալ, շատ ցուցարարներ տեղում են մնացել։ Գրեթե անմիջապես ոստիկանությունը բարձր ճնշմամբ ջրցան մեքենաներն ուղղել է ցուցարարների կողմը։ Ականատեսը ջրի հարված է ստացել դեմքին, ինչի պատճառով նրա տեսողությունը ժամանակավորապես վատացել է: Նրան ցուցարարները հիվանդանոց են տեղափոխել:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառում մարդկանց դեմ, ովքեր դիմադրում են ցրելու կոչերին՝ նստելով գետնին, մինչ որոշ մարդիկ հեռանում են ցույցից: Տեսանյութում երևում է, թե ինչպես են համազգեստով ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով տղամարդիկ հարձակվում ցուցարարների վրա և, նրանց քաշելով, տանում, ինչպես նաև ոստիկանների մի մասը հետապնդում է փախչող ցուցարարներին:

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով և «ոստիկանություն» տառերով թևկապով տղամարդիկ ծեծում մի երիտասարդի, ով հստակ չէ՝ արդյոք մասնակցում էր ցույցին, թե ոչ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ ոստիկանությունը հարձակվել և ձերբակալել է բազմաթիվ լրագրողների և որոշ դեպքերում կոտրել և առգրավել է տեսախցիկները և ջնջել նրանց լուսանկարները և տեսանյութերը:

Կազմակերպությունը նաև մի շարք տեղեկություններ ունի այն մասին, որ ոստիկանությունը խոչընդոտել է ցուցարարների մոտ փաստաբանի մուտքը:

Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը պարտավորեցնում է իշխանություններին հարգել հավաքի ազատության իրավունքը և ձեռնպահ մնալ բոլոր հանգամանքներում ցուցարարների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած կառավարությունները կարող են պահանջել, որ ցույցերը նախապես ստանան թույլտվություն, հավաքների ազատության իրավունքը պահանջում է, որ իշխանությունները հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, անգամ եթե դրանք արտոնված չեն։

Իշխանությունները նաև պարտավորություն ունեն արագ, ամբողջական և արդյունավետ հետաքննություններ իրականացնել ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ:

Կազմակերպությունը նշում է, որ հունիսի 23-ի երեկոյան մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցը ցրելու վայրում՝ ոստիկանության կիրառած ուժի դեմ բողոքելու համար: Նոր ցույցին մասնակցել են նախորդ օրերին ցույցերի մասնակիցները, ինչպես նաև նրանց ծնողներից և աջակիցներից շատերը:

«Վերսկսված ցույցերով՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն խաղաղ հավաքների նկատմամբ իրենց հարգանքը ցույց տալ և խուսափել ցուցարարների դեմ բռնությունը կրկնելուց»,- ասել է Գոգիան:

«Իշխանությունները պետք է բարձր մակարդակով հստակ ցույց տան, որ ոստիկանության ագրեսիվ և անօրինական գործողությունները ոչ մի կերպ չեն հանդուրժվի»,-հավելել է նա։

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---