ԱՄՆ դեսպանությունը եկող շաբաթվանից ամբողջությամբ կվերականգնի վիզաների ծառայությունները

ԱՄՆ դեսպանությունը եկող շաբաթվանից ամբողջությամբ կվերականգնի վիզաների ծառայությունները

PanARMENIAN.Net - Հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական վարչության ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները, ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր:

Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես, ուսանողական և այլ վիզաներ) Եթե դուք հարցազրույցի պայմանավորվածություն ունեիք, որը չեղարկվել էր, ապա խնդրում ենք զանգել +374 60 27 0113 հեռախոսահամարով՝ նոր պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է, և ձեր անձնագիրը գտնվում է Հյուպատոսական բաժնում, ապա կարող եք գալ և վիզայով անձնագիրը ստանալ ԱՄՆ դեսպանատնից հետևյալ օրերին.

- երկուշաբթի, հունիսի 29-ին ժամը 16:00-17:20

- երեքշաբթի, հունիսի 30-ին ժամը 14:00-15:00

- չորեքշաբթի, հուլիսի 1-ին ժամը 16:00-17:20

- հաջորդող բոլոր աշխատանքային օրերին ժամը 17:00-17:20: (Խնդրում ենք հաշվի առնել, որ ուրբաթ օրը, հուլիսի 3-ը դեսպանության համար ոչ աշխատանքային է):

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է և ձեր անձնագիրը ձեզ մոտ է, ապա սկսած հունիսի 29-ից (երկուշաբթի) դուք կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումի հետ կապված լրացուցիչ վարչական վարույթ է պահանջվել ու ձեր գործի համարն արդեն տեղակայված է կայքում, ապա հունիսի 29-ից սկսած կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերը խաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է: ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը հայտարարեց, որ ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում:

Նման իրավիճար էր ստեղծվել նաև 2014-ի հուլիսին, երբ կրկին դադարեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը:

Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ էր արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել էին մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Խնդիրը գլոբալ էր և կախված չէր որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները հայտարարել էին, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի:

Ավելի ուշ Պետդեպարտամենտում պարզաբանեցին, թե ինչով էին պայմանավորված անսարքությունները: Դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---