Հայաստանում ռուսական զորքերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսվել

Հայաստանում ռուսական զորքերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, հուլիսի 7-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:

Հանձնաժողովը կստուգի Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։ Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևեն տեսախցիկներով՝ Наводчик-2 համալիրի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---