Ազգային արխիվը կհրատարակի «Հայ եկեղեցու կալվածքները Օսմանյան Թուրքիայում» իրավական փաստաթղթերի ժողովածուն

Ազգային արխիվը կհրատարակի «Հայ եկեղեցու կալվածքները Օսմանյան Թուրքիայում» իրավական փաստաթղթերի ժողովածուն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային արխիվը պատրաստվում է աշնանը հրատարակել «Հայ եկեղեցու կալվածքները Օսմանյան Թուրքիայում» աշխատությունը՝ օսմաներեն լեզվով՝ ներկայացնելով զուտ արխիվային փաստաթղթեր: Այս մասին տեղեկացրել է արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նա նկատել է, թե աշխատության հրատարակումը կարևոր է, քանի որ Հայոց եկեղեցու կալվածքների գույքի հարցն այսօր արդիական է:

«Մասնավորապես գիտենք, որ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Թուրքիայի ՍԴ հայց է ներկայացրել՝ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով: Մենք կհրատարակենք փաստաթղթերը օսմաներենով և դրանց հայերեն թարգմանությունները, փաստաթղթերը կլինեն լուսանկարի ձևով, այնպես ինչպես բնագիրն է: Աշխատությունը հավանաբար կթարգմանվի նաև անգլերեն: Կան սեփականության վկայականներ, որոնք ժամանակին տրվել են Օսմանյան Թուրքիայում այս եկեղեցիների հողերի, կալվածքների համար», - ասել է Վիրաբյանը, մեջբերում է Tert.am-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

Բացի այդ, Վիրաբյանը տեղեկացրել է , որ այս տարի Ազգային արխիվը պատրաստվում է մասնակցել «Մյուռոնօրհնության» արարողությանը, որը հայ եկեղեցում 7 տարին մեկ է կատարվում:

«Մյուռոնի եփելն է լինելու, և մենք որոշեցինք մեզ մոտ պահպանվող բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են հայոց եկեղեցու այդ գլխավոր արարողությանը, հրապարակել: Կներառենք նաև տեղեկություններ, թե ինչ ծաղիկներից են պատրաստում մյուռոնը և այլն », - ասել է Ազգային արխիվի տնօրենը:

Անդրադառնալով ծրագրերին՝ Վիրաբյանը նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի դեսպանատան հետ առցանց թանգարան են ստեղծել՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը, Հայոց ցեղասպանությանը, Ֆրանս-հայկական կապերին:

Մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---