9 հուլիսի 2015 - 18:11 AMT
Եվրախորհրդարանը փաստաթղթով կոչ է անում ՀՀ-ին և ԼՂՀ-ին ավելի լայն ներգրավվել ԵՄ ծրագրերում

Եվրոպական խորհրդարանը հուլիսի 9-ին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ, հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:

Փաստաթուղթը մշակել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանին և ընդունվել ներկա պատգամավորների մեծամասնության քվեով:

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ Խորհրդարանն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, Եվրոպական հանձնաժողովին առաջարկում ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում կամ Էրազմուսում:

Ավելին, փաստաթուղթն ընդգծում է նաև գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում գործակցության և եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարևորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը:

«ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային գործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերն ամրապնդելը», - ասվում է փաստաթղթում:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունել է այս դրույթները:

«Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը: Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են և պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք»,- մեկնաբանել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան՝ շեշտելով, որ այս դրույթները նաև շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր Անդրեյ Կովաչևն իր կողմից ավելացրել է, որ սա բավականին կարևոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով:

«Ես և գործընկերներս կողմ ենք այս փաստաթղթին և դրույթներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերությանը և Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը կխթանի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը»,- ասել է նա:

Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձևավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, և կոչ է անում փոխնախագահին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով: