Պետդեպի պաշտոնյա. Չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում

Պետդեպի պաշտոնյա. Չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում

PanARMENIAN.Net - Չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», - ասել է Ռուբինը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը, չմանրամասնելով՝ արդյոք դա պետք է արվի կողմերի հայտարարությունների՞, թե՞ նախագահների հերթական հանդիպման ձևով:

Առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզմունք է հայտնել դիվանագետը՝ շեշտելով.

«Դա հեշտ չէ, և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է, և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»:

Ամեն դեպքում, ավելացրել է Ռուբինը, Միացյալ Նահանգները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ միասին, պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ: Պետքարտուղարության պաշտոնյան հավելել է նաև, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից.

«Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց: Այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»:

Օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն, ասաց. Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները:

«Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց հաշվի առնելու պատճառները, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, պատերազմական պատճառների հետևանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետևանքներին»,- հավելել է նա: Բաբայանի խոսքով, քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ:

«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ չենք ցանկացած հարցի քննարկմանը, պատրաստ ենք խոսել փախստականների խնդրի մասին, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքներով: Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ, այնտեղ, որտեղ ինքն ապրել է»,- նշել է Արցախի նախագահի ներկայացուցիչը:

Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել:

Դիտարկմանը, թե նույն Ուորլիքը հարակից տարածքները վերադարձնելուց հետո խոսել էր ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, Բաբայանն արձագանքել է.«Ուրեմն, եթե ԽՍՀՄ հսկա պետությունն իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները: Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների և շատ նորմալ որևէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:

Անդրադառնալով հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին, Արցախի նախագահի խոսնակը նշել է, որ դա տարօրինակ երևույթ չէ ու շարունակել. «Ադրբեջանը միշտ էլ իրեն այդպես է պահել, ուղղակի մի տասը օր օլիմպիական խաղերի հետ կապված, կարծես թե ինքն իրեն զսպեց սեփական շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ փոխվել է: Ադրբեջանը եղել և մնում է ահաբեկչական և ֆաշիստական պետություն, ու ուրիշ պահվածք ակնկալել չենք կարող»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---