Հայազգի պատգամավորը թուրքական մեջլիս փոքրամասնությունների կրոնական տոների օրինագիծ կներկայացնի

Հայազգի պատգամավորը թուրքական մեջլիս փոքրամասնությունների կրոնական տոների օրինագիծ կներկայացնի

PanARMENIAN.Net - Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունից Թուրքիայի մեջլիս ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել է երկրում կրոնական փոքրամասնությունների տոները ևս ներառել օրենքում, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից:

Ermenihaber-ը թուրքական Cafesiyaset.com-ին հղումով մեջբերում է Փայլանի խոսքը.

«Ռամազանի և Զոհաբերության տոների օրերին, Նախարարների խորհրդի որոշմամ, ավտոճանապարհներն ու նեղուցների կամուրջներն անվճար են դառնում օգտվողների համար: Այդ որոշումը չպետք է անտեսի այն, որ Թուրքիայում ապրում են նաև քրիստոնեական, հրեական, եզդիական և այլ համայնքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում ապրող հին ժողովուրդները պետք է տոնեն ոչ միայն նշված երկու տոնը, այլև՝ Սուրբ ծնունդը, Զատիկը, Ռոշ աշանան (հրեական) և Չարշեմա սորը (եզդիական):

Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում այս հարցի վերաբերյալ օրինագիծ ներկայացնել Թուրքիայի խորհրդարան:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---