Գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է. Սևանի շրջակայքում նոր անտառներ կտնկվեն

Գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է. Սևանի շրջակայքում նոր անտառներ կտնկվեն

PanARMENIAN.Net - Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման խնդիրները:

Գիտատեխնիկական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը, ներկայացնելով օրակարգային առաջին հարցը, հայտնել է, որ Գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է՝ տարածքի 3%-ն է անտառապատ:

ՀՀ կառավարությունը 2012-ին ընդունել է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» N 1441-Ն որոշումը: Ծրագրի հիմնական նպատակն է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, ինչի համար անհրաժեշտ պայման է նաև Սևանա լճի ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը: Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև լճի մակարդակի բարձրացման հետևանքով իրականացված ջրածածկ անտառային շերտի մաքրման աշխատանքների արդյունքում դրանց ծավալների կրճատումով:

Ծրագրով նախատեսվում է 2014-2023-ի ընթացքում իրականացնել 1094.5 հա տարածքում անտառային տարածքների վերականգնում:

«Կլիմա Իստ պիլոտային ծրագիր, Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18,2 հա< և «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա-ում նոր անտառների հիմնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

6 հա տարածքի վրա արդեն ավարտվել են ազգային պարկի կողմից իրականացված ծառատունկի աշխատանքները: Ընտրվել են պտղատու ծառերի տնկիներ (անտառային տանձենի և խնձորենի, սովորական սալորենի, բալենի, ընկուզենի և վայրի ծիրանենի) , որպեսզի բացի բնապահպանական խնդիրներից, լուծվեն նաև հարակից համայնքների սոցիալական խնդիրներ:

Գիտատեխնիկական խորհրդի անդամներին տեղեկացրել են, որ «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա-ում նոր անտառների հիմնման աշխատանքներին զուգահեռ, ցանկապատվել է նաև նախկինում տնկված դեղին ակացիաների անտառային շերտը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բնական անտառվերականգնում, որը կապահովի լրացուցիչ 10 հա անտառային տարածք:

Ղուլիջանյանը խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սևան-Դիլիջան մայրուղու ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածի անտառազուրկ լինելու խնդիրը, այն դեպքում, երբ Տավուշի մարզի հատվածում այն ամբողջովին անտառապատ է: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով մարզում անտառապատման նոր տարածքների ընդլայնումը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է ուսումնասիրել ոռոգման և տնկիների ձեռքբերման հնարավորությունները` վերոհիշյալ հատվածում անտառտնկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---