Ամերիկացի վերլուծաբաններն իրատեսական են համարում ՀՀ-ում «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը

Ամերիկացի վերլուծաբաններն իրատեսական են համարում ՀՀ-ում «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը

PanARMENIAN.Net - Հայաստանում «Իսկանդեր-Մ» ռուսական մարտավարական հրթիռային համալիրի տեղակայման մասին նորությունը հետաքրքրել է ինչպես ամերիկյան ԶԼՄ-ներին, այնպես էլ փորձագետներին: Ըստ վերլուծաբանների, այդ քայլով Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Հատկանշական է, որ ամերիկացի վերլուծաբաններն իրատեսական են համարում ՀՀ-ում «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը:

Ռազմական փորձագետ, արտաքին քաղաքականության գծով ամերիկյան խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը դիտարկում է «Իսկանդեր-Մ»-ի տեղակայումը ավելի շուտ որպես սպառնալիք, քան հնարավորություն: «Դա իրատեսական, սակայն վտանգավոր հավանականություն է, քանի որ խոսքը շատ վտանգավոր զենքի մասին է»: Ըստ Բլանկի, Ռուսաստանի այդ քայլը կվտանգի ամբողջ Հարավային Կովկասը: Փորձագետը հիշեցնում է, որ «Իսկանդեր-Մ» համակարգը կարող է ունենալ ինչպես թևավոր, այնպես ել բալիստիկ հրթիռներ սովորական կամ միջուկային մարտագլխիկերով: «Երբ այս տեսակի զենքը տեղակայվում է նոր տարածքներում, առաջանում են անսպասելի ռիսկեր և հնարավորություններ»,-ասել է Բլանկը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, «Իսկանդեր-Մ» տեղակայելով Հայաստանում` Մոսկվան փորձում է լուծել ոչ միայն գլոբալ հարցեր, այլ նաև հավասարակշռել իր իսկ կողմից Ադրբեջանին վաճառված զենքի քանակը: Միևնույն ժամանակ վերլուծաբանը նշել է, որ պաշտոնական Երևանը միշտ ուշադիր է` չհայտնվելու համար գերտերությունների միջև հակասությունների դաշտում: «Հայաստանը միշտ զգուշավոր է եղել և փորձել է պահպանել բազմակողմ ու տարաբնույթ հարաբերություններ: Զարգացնելով ռազմավարական գործակցությունը Ռուսաստանի հետ` Հայաստանը չի մոռանում սերտ համագործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում մի շարք երկրների հետ»: Ըստ Սթրոնսկու, այս անգամ ևս Հայաստանը կարող է սերտ համագործակցել Ռուսաստանի և Արևմուտքի հետ: «Հայաստանի նման գործողությունները կոչված են պահպանելու ծանր հավասարակշռությունը»,-ասել է նա:

Ըստ վերլուծաբանների, ինչ վերաբերում է հնարավոր գործարքի անմիջական ազդեցությանը, ապա ամեն ինչ շատ բանով կախված կլինի նրանից, թե ով է կառավարելու «Իսկանդեր-Մ» համակարգը, հայտնում է Armenia Today-ը:

Հունիսի 3-ին ռազմատեխնիկական գործակցության ոլորտում սեփական աղբյուրների վրա հղումով ՏԱՍՍ-ը հայտնեց, որ Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ «Իսկանդեր-Մ» ռուսական մարտավարական հրթիռային համալիրի առաքման մասին, սակայն պայմանագիրը դեռ կնքված չէ: Նա նշել է, որ «նման պայմանագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է»:

Ավելի վաղ «Իսկանդեր-Մ»-ի արտադրությամբ զբաղվող մեքենաշինական բյուրոյում հայտարարել էին, որ մինչև 2016 թ. այդ համակարգերը չեն արտահանվելու: Այնուամենայնիվ, դրանք այն ցանկում են, որ կարելի է վաճառել արտերկիր: ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում տեղեկությունները «Իսկանդեր-Մ» համակարգերի ձեռք բերման մասին: «Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Ռուսական կողմի հետ միշտ քննարկվել է հարձակողական զենքի տարբեր տեսակների ձեռք բերման հարցը, այդ թվում նաև հեռահար»,-ասել է ՊՆ ղեկավարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, «գնվելու է նորագույն ռազմատեխնիկա, հարձակողական և պաշտպանական բնույթի, ինչպես նաև նոր սարքավորումներ»: Հովհաննիսյանը շեշտել է, որ Հայաստան առաքվող զինատեսակների թվում կան այնպիսիք, որոնք մինչ այդ ՀՀ ԶՈւ-ն չի ունեցել:

Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանի խոսքով, $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014-ի սեպտեմբերին հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն նոր հեռահար զենքով: Ավելի վաղ պաշտպանության նախարարն ասել էր, որ նոր՝ «հեռահար, գերճշգրիտ» սպառազինության ձեռքբերումը կավարտվի 2014 թ.: Չի բացառվում, որ խոսքը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի արդիականացված մոդելի մասին է: Դեռ 2013 թ. ամռանը «Ազատություն» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Հայաստան են ներկրվել «Իսկանդեր» տիպի համակարգեր, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---