3 բրոնզ՝ Ջակարտայի օլիմպիադայում. Հայ դպրոցականները 2015-ի մեդալների թիվը հասցրել են 20-ի

3 բրոնզ՝ Ջակարտայի օլիմպիադայում. Հայ դպրոցականները 2015-ի մեդալների թիվը հասցրել են 20-ի

PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցականները հերթական հաջողությունն են գրանցել միջազգային առարկայական օլիմպիադաներում՝Հայաստանի 2015-ի օլիմպիական մեդալների ընդհանուր թիվը հասցնելով 20-ի: Աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր:

Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Օրեր առաջ Ղազախստանում անցկացված ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալի: Մեդալակիր են դարձել 4 մասնակից աշակերտներից 3-ը:

Հուլիսի 20-ին Հայաստանի 4 դպրոցական,Դանիայում մասնակցելով կենսաբանության միջազգային աշակերտական օլիմպիադային, նվաճել են 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Ավելի վաղ Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում միջազգային առարկայական օլիմպիադայում նվաճել էին 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմի բոլոր աշակերտներն էին դարձել մեդալակիր: Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Թիմային արդյունքներով Թաիլանդի և Հնդկաստանի օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյունքները: Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին:

Հայ դպրոցականները չեն մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայացած՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---