12 օգոստոսի 2015 - 18:25 AMT
Էրդողան. Հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող թուրք դատախազները փախչել են ՀՀ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է երկու թուրք դատախազի գործին, որոնք ձերբակալվելուց խուսափելու նպատակով Թուրքիայից իբր փախչել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ 3-րդ երկիր՝ Հայաստան:

Նախօրեին թուրքական Anadolu լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, օգոստոսի 11-ին Վրաստանի տարածքով փախչել են Հայաստան:

«Ահա տեսնում ենք: Այդ անխիղճ որոշումներ ընդունողները Վրաստանով փախչել են Հայաստան: Իհարկե այնտեղից էլ կփախնեն ով գիտե, թե ուր: Դա առանձին թեմա է: Այս պահին Թուրքիան հետևում է նրանց: Նրանք անկասկած բռնվելու են ու բերվելու այստեղ, որպեսզի պատասխան տան իրենց արածների համար», - ասել է Էրդողանը, թուրքական Radikal թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ Զաքերիա Օզը և նրա գործընկեր Ջելալ Կարայը մեղադրվում են հանցավոր խմբավորում կազմավորելու և պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Դատախազները հետաքննում էին 2013-ի «Մեծ կաշառք» դատական գործը, որում ներգրավված էին Էրդողանի մտերիմ շրջապատի անձինք: Օզը համարվում է իսլամական քարոզիչ Գյուլենի հետևորդը , ով Էրդողանի քաղաքական հակառակորդն է: Միևնույն ժամանակ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին:

Դատախազների Հայաստան տեղափոխվելու մասին պնդումը չի հաստատվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում: Այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն վարկածը, թե դատախազները Հայաստանում են:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ էր ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական էին տվել: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրել էր Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:Հունվարին դատախազության տեսադաշտում էին հայտնվել ՆԳՆ, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախկին նախարարները: Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ՝ $10 մլն ընհանուր գումարի: ԵՄ գծով նախկին նախարար Էգեմեն Բաղիշը մեղադրվում էր ընդհանուր առմամբ $1,5 մլն կաշառք վերցնելու մեջ: Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեղադրվում էր $52 մլն կաշառք վերցնելու մեջ: Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է կազմում: Կոռուպցիոն սկանդալի տնտեսական վնասը գերազանցում է $100 միլիարդ:

2014-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը փակել է «Մեծ կաշառք դատական գործը: