ԼՂՀ ՊՆ. Բաքուն իրավիճակը պատերազմականին մոտեցնելու մարտավարություն է որդեգրել

ԼՂՀ ՊՆ. Բաքուն իրավիճակը պատերազմականին մոտեցնելու մարտավարություն է որդեգրել

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:

Ըստ դրա, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են:

«Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների:

Ելնելով վերոնշյալից` Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա», ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 ևՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---