ՌԴ ՔԿ-ի նոր մեղադրանքը Լևոն Հայրապետյանին. $700.000-ի հափշտակում

ՌԴ ՔԿ-ի նոր մեղադրանքը Լևոն Հայրապետյանին. $700.000-ի հափշտակում

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է ներկայացրել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: Այս անգամ Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մայրիկից 2010-ին $700.000 հափշտակելու համար, գրում է «Կոմմերսանտ»թերթը։

Քննության համաձայն՝ այդ գումարն Իզմեստևան տվել է գործարարին որպես կաշառք՝ իր որդու ճակատագիրը մեղմելու նպատակով: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը չի հաստատել Հայրապետյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է լրացուցիչ քննության:

Քննչական ծառայության տեղեկություններով՝ $700.000-ը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում PR-արշավի վրա՝ Իզմեստևի գործով դատական վճռի վրա ազդելու նպատակով:

Սեպտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ Հայրապետյանի կողմից Իզմեստևից գումար հափշտակելու գործով քննությունը երկարացվել է մինչև նոյեմբերի ավարտը:

Հայրապետյանի դեմ կա ևս մեկ հարուցված քրեական գործ: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին Ռախիմովի կողմից «Բաշնեֆտի» վաճառքին մեղսակից լինելու մեջ: Ծավալուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել է պետությանը:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Լևոն Հայրապետյանի դատապաշտպանների բողոքի դիմումը տնային կալանքի ժամկետի երկարացման դեմ: Այսպիսով Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: «Դատարանը չի բավարարել բողոքարկման դիմումը` անփոփոխ թողնելով դատարանի որոշումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հուլիսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգեց «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժեց պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: «Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:

Մինչդեռ ինքը Հայրապետյանը խնդրում է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ` ՌԴ ՔՕ 286 հոդվածով: Այդ մասին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, գործի նյութերից բխում է, որ քննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին հանձնարարել է ոստիկանությանը մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել փաստաբանների դեմ, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների երթուղին ու նրաց ունեցվածքի մասին տեղեկություններ ստանալ: Ըստ դաշնային համապատասխան օրենքի, փաստաբանների դեմ օպերատիվ միջոցառումներ կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ, որը չի եղել:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---