Մուշում զինմեքենա է պայթեցվել. Դիարբեքիրում 3 քաղաքացի է վիրավորվել

Մուշում զինմեքենա է պայթեցվել. Դիարբեքիրում 3 քաղաքացի է վիրավորվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բիթլիսի նահանգի Մուշ գավառի Սուլուչ գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները ռումբ են պայթեցրել: Վնասվել է այդժամ ճանապարհով անցնող թուրքական բանակի զինվորական մի մեքենա: Վիրավորվել է 12 զինվոր:

PKK-ի գրոհայինները ռումբը նախապես էին տեղադրել էին ճանապարհի երթևեկելի մասում և դարանակալած սպասել, թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Վիրավորվածները տեղափոխվել են Մուշի պետական հիվանդանոց: Այժմ տարածքում թուրքական ուժերի կողմից իրականացվում է զինյալներին հայտնաբերելու որոնողական օպերացիա: Դեպքի մանրամասները դեռևս պարզաբանվում են:

PKK զինյալները սեպտեմբերի 14-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Ջեմիօղլու պողոտայում փորձել են ականանետից կրակ բացել տեսադաշտում գտնվող ոստիկանական մեքենայի վրա: Բայց նետված ականը ոստիկանական մեքենայի փոխարեն հարվածել է հարևանության գտնվող թեյարանին:

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 քաղաքացիական անձ:

Մինչդեռ սեպտեմբերի 13-ին թուրքական իշխանությունները պարետային ժամ հայտարարեցին Դիարբեքիրի կենտրոնում, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը նահանգապետի հայտարարության վրա հղումով: Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչում: Տուժածների մասին տվյալներ չկան: Իսկ Մուշի Վարթո շրջանում ՔԱԿ զինյալները երեկոյան երկարափող զենքերով և նռնակներով հարձակվել են զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Մի խումբ քուրդ զինյալներ էլ ականանետերով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի վրա:

Նույն օրը երկու ահաբեկչական գործողություն է կատարվել՝ զոհվել է 3 ոստիկան, 6-ը տուժել են, հայտնել է Reuters գործակալությունը իրավապահ մարմիններում աղբյուրների վրա հղումով: Ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով սպանվել է 2 ոստիկան, 5-ը վիրավորվել են: Պատահարի վայրը չի հստակեցվում: Բացի այդ, Սիլվան քաղաքում (Դիարբեքիրի գավառ) նռնականետից ոստիկան է սպանվել, նրա գործընկերը վիրավորվել է, հայտնել է Lenta.ru-ն:

Սեպտեմբերի 8-ին առաջին անգամ 2011 թ. ի վեր թուրքական ցամաքային զորքերն անցան Իրաքի հետ սահմանը` կարճաժամկետ գործողություն անցկացնելով ՔԱԿ զինյալների դեմ: Ավելի վաղ նույն օրը Իգդիրում պայթեցվեց ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը: Արդյունքում 14 ոստիկան զոհվեց:

Սեպտեմբերի 6-ին Դիարբեքիրում քուրդ ծայրահեղականներն ականանետերից գնդակոծեցին ոստիկաններին` 2 ոստիկան զոհվեց, 3-ը վիրավորվեց:

Ավելի վաղ ՔԱԿ գրոհայինները Մարդին գավառում զրահամեքենա պայթեցրին Սիրիայի հետ սահմանի մոտ, որտեղ 4 թուրք սպա կար, բոլորը զոհվեցին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---