Սփյուռքի փաստաբանների կոչը` դատապարտել Թուրքիայում հայերի հանդեպ հրահրումները

Սփյուռքի փաստաբանների կոչը` դատապարտել Թուրքիայում հայերի հանդեպ հրահրումները

PanARMENIAN.Net - Սփյուռքում բնակվող հայ փաստաբանների հիմնած «Հայ իրավաբանական միություն» կազմակերպությունը վերջին շրջանում Թուրքիայում հայերի նկատմամբ ատելություն պարունակող հայտարարությունների աճի, ինչպես նաև հայկական «Արմեն» որբանոց-ճամբարի վրա կատարված հարձակումների կապակցությամբ նամակ է հրապարակել:

Դրանում օտարերկրա դիվանագիտական առաքելություններին կոչ է արվում դատապարտել հայերի դեմ կազմակերպվող հրահրումները, նաև աջակցել պաշտոնատար անձանց կողմից հայերի նկատմամբ ատելություն սերմանող հայտարարությունների կանխարգելման գործին:

Գրությունն ուղարկվել է Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Եգիպտոսի և Կոլումբիայի հյուպատոսարաններին, Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Հարրի Տիգրանիանի գրած նամակում խոսվում է որբանոցի վրա կատարված հարձակումների, թուրք ոստիկանի` քրդերի հասցեին արած «Դուք բոլորդ հայ եք», ազգայնականների` «Ջիզրեն քրդերի համար, Քուրթուլուշն էլ հայերի համար է գերեզմանոց դառնալու» և նմանատիպ այլ արտահայտությունների մասին:

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել: Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

Սեպտեմբերի սկսզբին Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում ոստիկանը դիմել էր քաղաքի բնակիչներին՝ ասելով. «Դուք բոլորդ հայ եք»: Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» որբանոց-ճամբարը չքանդելու համար հերթապահություն իրականացնող քաղաքացիները սեպտեմբերի լույս 8-ի գիշերը հարձակման են ենթարկվել. ժամը 01:30-ի սահմաններում փայտերով զինված մի խումբ հարձակվել է ճամբարը հսկողների վրա: երթապահողների ու հարձակվող խմբի միջև լարվածություն է առաջացել: Խումբը, սակայն, չի կարողացել մտնել որբանոցի տարածք:

Որբանոց-ճամբարի քանդման դեմ պայքարողների վրա ևս մի հարձակում էր տեղի ունեցել անցյալ ամիս՝ հերթապահության 100-րդ օրն: Այդ հարձակման ընթացքում երկու մարդ էր վիրավորվել:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1.116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2.337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---