Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի. Կհեղինակի Գեորգի Ֆրանգուլյանը

Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի. Կհեղինակի Գեորգի Ֆրանգուլյանը

PanARMENIAN.Net - Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Այս մասին տեղեկացնում է քանդակագործի պաշտոնական կայքը:

Հուշարձանի նախագիծն ընտրելու նպատակով անցկացված մրցույթին ներկայացվել էր 336 աշխատանք: Դրանցից մասնագիտական ժյուրին ընտրել է Ֆրանգուլյանի «Վշտի պատ» նախագիծն, որն իրենից ներկայացնում է տարածքային երկկողմանի մակերևույթ՝ կազմված մարդկային սխեմատիկ ուրվագծերից:

Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Այն մտադիր են տեղադրել 2016-ի հոկտեմբերի կեսերին։

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները: Նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։

Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Նրա խոսքով՝ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: 2011-ի փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը:

Ֆրանգուլյանը նաև Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է:

Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---