25 սեպտեմբերի 2015 - 11:50 AMT
Ծխախոտի և ալկոհոլի ակցիզները ԵՏՄ-ում կարող են հավասարեցվել

ԵՏՄ անդամ երկրներում` Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում ակցիզային դրույքների հավասարեցումը մոտ է իրագործման` ԵՏՄ պաշտոնյաները պատրաստվում են միասնականացման մասին համաձայնագրի նախագծերը ներկայացնել կոլեգիայի քննարկմանը, իսկ հետո նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը հայտարարել է, որ եթե համաձայնագրի նախագծերը հավանության արժանան, ակցիզների հավասարեցման գործընթացը կարող է սկսվել գալիք տարի: Ակցիզը դրանից հետո էլ միասնական չի լինի` հստակ դրույքաչափը երկրները կսահմանեն ինքնուրույն` համաձայնեցնելով միայն տատանումների միջանցքը, հավելել է Սուլեյմենովը: «Ակցիզների դրույքաչափերը կներկայացվեն եվրոյով, դա միակ կայուն արժույթն է»,-հայտարարել է նա:

Ակցիզների ներդաշնակեցման մասին սկզբունքային որոշումն ընդունվել է 2015-ի մայիսին: Որոշվել է, որ ներդաշնակեցումն ընթանալու է ԵՏՄ միասնական ալկոհոլային շուկային ստեղծմանը զուգահեռ, ասել է Սուլեյմենովը: «Ալկոհոլային արտադրանքի միասնական շուկայի ստեղծումը զգալիորեն տարբեր ֆիսկալային պայմաններում անիմստ է»: Մինչ օրս միության ալկոհոլային շուկայում, ըստ նրա, պահպանվել են փոխադարձ «հովանավորչական և խտրական միջոցներն արտադրողների հանդեպ». Ռուսաստանում դա ապահովող վճարն է ալկոհոլի ներկրման դեպքում, իսկ Բելառուսում` հատուկ ներկրողները, առանց որոնց հնարավոր չէ ալկոհոլ ներմուծել երկիր:

2014-ին Հայաստանի պետբյուջե է մուտքագրվել 50.564 մլրդ դրամ կամ $107 մլն դոլար ակցիզային հավաքագրման գծով: Ընդ որում, մուտքերի ծավալն աճել է տարեկան կտրվածքով 62%-ով: 2015-ի 8 ամսում մուտքագրվել է 30.361 մլրդ դրամ, կամ մոտ $64.5 մլն: