ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը ձգտում է հակամարտության լուծումը բանակցայինից ուժային դաշտ տեղափոխել

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը ձգտում է հակամարտության լուծումը բանակցայինից ուժային դաշտ տեղափոխել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել շփման գծում վերջին օրերի լարվածության կապակցությամբ: Ըստ դրա, դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային և հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն: Դրանում նաև ասվում է.

«Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ:

Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած և շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա և տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը»:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը
---