Ադրբեջանական կողմը հայտնել է 1 զոհի և 3 վիրավորի մասին հայկական զինուժի հետ բախումներում

Ադրբեջանական կողմը հայտնել է 1 զոհի և 3 վիրավորի մասին հայկական զինուժի հետ բախումներում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի 1 զինծառայող է զոհվել, 3-ը` վիրավորվել են սեպտեմբերի 25-ին հայկական ստորաբաժանումների հետ բախման արդյունքում: Ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Մամեդովը զոհվել է ադրբեջանական դիրքերի ականակոծման արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողի: Հակառակորդի ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։Ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։

Պետք է նշել, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները հաճախ թաքցնում են իրական կորուստները բանակում` զինծառայողների մահվան մասին հայտնի է դառնում միայն զոհվածների հարազատների հաղորդագրություններից:

Վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն ինչպես հայ-ադրբեջանական սահմանագոտում, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Մինչդեռ այս օրերին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ են ունենում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Նախատեսված է նաև նախարարների հանդիպումը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ մեկ անգամ ևս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած և շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա և տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---