Բաբայան. Ադրբեջանի գործողություններում կա ֆաշիզմի դրսևորում![]() 26 սեպտեմբերի 2015 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան այն, ինչ անում էր Գերմանիան համակենտրոնացման ճամբարներում: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Սա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի դրսևորում, որևէ տարբերություն չկա նրանում, թե ինչ էին անում նրանք Բուխենվալդում, Աուշվիցում», - ասել է Բաբայանը, բեջբերում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ դա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, «մանավանդ, որ օգտագործում են թուրքական զենքեր»: Այս համատեքստում Բաբայանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ստանալու է համարժեք պատասխան. «Թշնամին չի կարողանալու մեզ ահաբեկել: Հակառակը, իր իսկ փոսն է փորում և ամեն ինչ անում է այնպես, որ, ի վերջո, Արցախի դրոշը ծածանվի Ալիևի այդ նախագահական շենքի վրա», - ասել է մամուլի խոսնակը: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում: Վնասվածքներ ստացած չորս զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, գրում է Panorama.am-ը: Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |