100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Սիրիայի փախստականներին

100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Սիրիայի փախստականներին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ։

Այդ մասին համապատասխան հայտարարություն է ընդունվել սեպտեմբերի 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում։

«Սիրիայի Արաբական հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին» խորագրով հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։

Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգակական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա։

Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել։ Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու և հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում»։

Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել և իրականացրել Սիրիայի և Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝

- խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով, - շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ, - խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ և մշակութային արժեքներ, - գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ, - գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝

Դիմում է.

- միջկառավարական և միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացվող պետություններին՝ հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին և նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,

- հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային և մասնավոր կառույցներին՝ այսուհետ ևս համակողմանի քայլեր ձեռնարկելու՝ դյուրացնելու համար սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,

- համայնքային բոլոր կառույցներին, անհատներին՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռևս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին։

«Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ամբողջ հայ ազգի առջև ծառացած մարտահրավեր է, և այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները՝ հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին։

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ ևս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված և օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու՝ որպես սրբազնագույն պարտք և պատասխանատվություն», - ասված է հայտարարության մեջ:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---