ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ պետդեպը «խորը մտահոգված են» հակամարտության գոտում լարվածության աճով

ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ պետդեպը «խորը մտահոգված են» հակամարտության գոտում լարվածության աճով

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։

Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորեց հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։

Նալբանդյանն ու Դաչիչն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։Նուլանդը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները կարևորել են 2015-ի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։

Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվել է մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Քննարիկվել է Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման հարցերը:

Նուլանդի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

Սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանն ու արդեն ձեռք բերված որոշումների իրականացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա:

Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---