Իրադրությունն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց

Իրադրությունն առաջնագծում. Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ) և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):

Սեպտեմբերի 30-ին ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կորուստներին, հայտարարել է , որ վերջին գործողություններից հետո Ադրբեջանն ունի ևս 11–12 կորուստ,Ադրբեջանի զինհոսպիտալներում 60-80 վիրավոր զինծառայող կա, որոնց մասին տեղեկություններն ադրբեջանական կողմը թաքցնում է։ «Ունենք նաև լրացուցիչ հետախուզական տվյալներ, որ այդ թվերը դեռևս ամբողջական չեն։ Հայտարարվածից ոչ պակաս կորուստ ունեն, աշխատում ենք և շուտով լրիվ ազգանուններով կհրապարակենք»,- ասել է նա:

Պաշտպանության բանակի հրամանատարը հավաստիացրել է՝ պատժիչ գործողությունները շարունակվում են: «Շարունակվում են մեր կողմից համապատասխան գործողությունները, հակառակորդի իրականացրած ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, դա ապացուցեցինք վերջին օրերին, հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ եթե մեզ վրա կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու և, հետևաբար, ևս կրակելու ենք հեռահար միջոցներով։ Իրենք կիրառել են Դ-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ դա չեն թաքցնում։

Սեպտեմբերի 29-ին ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից հայտնի էր դարձել, որ բացի նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---