Նախագահն ԱՄՆ փորձագետներին պատմել է ԼՂ, Թուրքիայի հետ հարաբերությունների և սահմանադարական բարեփոխումների մասին

Նախագահն ԱՄՆ փորձագետներին պատմել է ԼՂ, Թուրքիայի հետ հարաբերությունների և սահմանադարական բարեփոխումների մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը:

ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին: Հանրապետության նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` մեր երկրի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն:

Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» Հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:

Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել մոտ երկու տասնյակ կոնգրեսական: ՀՀ նախագահը շնորհակալական խոսք է ուղղել ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար:

«Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում ԼՂՀ մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար», - ասել է Սարգսյանը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ) և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):

Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց` այդ թվում մոտ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---