Թուրքիայում Պիկասոյի և Արա Գյուլերի աշխատանքները կցուցադրվեն մեկ հարկի տակ

Թուրքիայում Պիկասոյի և Արա Գյուլերի աշխատանքները կցուցադրվեն մեկ հարկի տակ

PanARMENIAN.Net - Անթալիայում մեկ հարկի տակ կբացվի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների և պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:

Պիկասոյի աշխատանքների ցուցադրությամբ պաշտոնապես բացվել է Անթալիայի մշակույթի և արվեստի կենտրոնը: Անթալիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դավութ Չեթինը կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտնել է, որ Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսին զուգընթաց կցուցադրվեն մեկ այլ համաշխարհային մեծության՝ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները, թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Լույս և պատմություն. Անթալիան Արա Գյուլերի աչքերով» խորագրի ներքո կցուցադրվեն լուսանկարներ, որոնք հատկացվել են Գյուլերի արխիվից:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2016-ի փետրվարի 28-ը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: 1950-ից սկսել է աշխատել Yeni Istanbul թերթում`զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: Գյուլերը լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---