Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես՝ Ստամբուլում

Հայոց ցեղասպանությանը  նվիրված ցուցահանդես՝ Ստամբուլում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է:

Թուրքական Bianet.org-ը լայն անդրադարձ է կատարում ցուցահանդեսին, նրա ստեղծման պատմությանը, պատմական ու հոգեբանական կողմերին ու նշանակությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան-Դեմիրճյանի, Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները:

Սիլվինա Տեր-Մկրտչյանի ընտանիքը Հայոց ցեղասպանության ընթացքում Անատոլիայից տեղափոխվել է Արգենտինա: Բեռլինում բնակություն հաստատելուց հետո սկսել է զբաղվել իր ընտանիքի պատմության, Անատոլիայի հետ ունեցած կապերի հետազոտությամբ, սկսել է ուսումնասիրել օսմանյան ժամանակների հայերի կենցաղը, նիստուկացը, մշակույթը: Այդ ուսումնասիրությունները իրենց արտացոլումն են գտել նրա «Հուշամատյան» նախագծում: Տեր-Մկրտչյանը բազմիցս եղել է Ստամբուլում, կազմակերպել է երկու անհատական ցուցահանդես և մի շարք այլ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում կուտակված փորձն ու ստեղծված արժեքները հիմք են հանդիսացել նաև «Թոռներ» ցուցահանդեսի ստեղծման համար:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---