Ատոմակայանը վերսկսել է էլէներգիայի արտադրությունը

Ատոմակայանը վերսկսել է  էլէներգիայի արտադրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:

Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր են ստորագրել: Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016-ի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013-ին: Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր կազմել։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագծին, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 10 տարի ժամկետով տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, առաջին վճարումը պետք է կատարվի 2019-ի հունվարի 15-ին:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---