Մրցանակ Փելեշյանին՝ համաշխարհային կինոյում ավանդի համար

Մրցանակ Փելեշյանին՝ համաշխարհային կինոյում ավանդի համար

PanARMENIAN.Net - Հայ անվանի կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:

«Մեծ պատիվ է այս հեղինակավոր մրցանակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնին և Յիհլավա քաղաքին»,- ասել է ռեժիսորը:

Չեխիայի Յիհլավայի փառատոնը անցկացվում է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1963 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։

Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց:

Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն»:

Միջազգային մամուլը և հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը` գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի և Պավլովի հոգեբանության և Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»:

Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

1996-ին Փելեշյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2006-ին` «Փարաջանովյան Թալեր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---