Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կարող է 7 տարվա ազատազրկման դատապարտվել, եթե նրա մեղքը հաստատվի

Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կարող է 7 տարվա ազատազրկման դատապարտվել, եթե նրա մեղքը հաստատվի

PanARMENIAN.Net - Մոսկվա-Երևան ավտոբուսի ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած աղետալի վթարի փաստով քննիչները երկու հիմնական վարկած են մշակում. առաջինը, որ ավտոբուսի վարորդը քնել է մեքենայի ղեկին, երկրորդը՝ մեքենան անսարք է եղել: Արդեն հայտնի է, որ ավտոբուսը դուրս էր եկել ըստ ժամանակացույցի, վարորդն ուներ փոխարինող, նա ևս ավտոբուսում էր:

Նոյմեբերի 3-ին ՌԴ «Դոն» դաշնային նշանակության մայրուղու 221-րդ կիլոմետրում վթարվել է Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը: Վթարի արդյունքում զոհվել է 9 մարդ, ևս 47-ը վիրավոր են: Նրանցից յոթի վիճակը գնահատվում է ծանր, տասինը` միջին ծանրության:

Այժմ անցկացվում է ավտոբուսի տեխնիկական փորձաքննություն: Ստուգվում է նաև տրանսպորտային ընկերության լիցենզիան: «Արդեն ՃՏՊ վայրից երևում է, որ ավտոբուսը մի քանի անգամ բախվել է եզրապատնեշին: Կարելի է ենթադրել, որ վարորդը քնել է ղեկի մոտ: Այս վարկածը ստուգվում է: Կանցկացվի փորձաքննություն: Վարորդը պետք է ժամանակ ոնենա հանգստանալու համար»,-ասել է Տուլայի շրջանի Պետավտոճանապարհային հսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինը:

ՌԴ Քննչական կոմիտեում նույնպես ամենահավանականը համարում են տեխնիկական անսարքության և վարորդի քնելու վարկածները: «Ըստ նախնական տվյալների, վարորդը` 44-ամյա ՀՀ քաղաքացի Գարիկ Հարությունյանը չի կարողացել կառավարել ավտոբուսը: Արդյունքում` ավտոբուսը բախվել է ձախակողմյան մետաղյա պատնեշին: Դրանից հետո ավտոբուսը հայտնել է երթևեկելի մասում, որտեղ հատել է երթևեկության երկու հոսքը և աջակողմյան եզրին կրկին բախվել է մետաղյա պատնեշին, և կողաշրջվել դեպի աջ»,-ասել են գերատեսչությունում, հայտնում է «Վեստին»:

Ըստ Gazeta.ru-ի, ՌԴ Տուլայի շրջանի ՆԳՆ վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յարցևը հայտարարել է, որ վարորդը դուրս է եկել շոկից և կարող է իր վարկածը ներկայացնել ոստիկանությանը: Նրա խոսքերի հիման վրա երկու նախնական վարկած կա` տեխնիկական անսարքություն կամ մարդկային գործոն:

«Վարորդը պարզաբանել է, որ եղել է տեխնիկական անսարքություն, որի պատճառով ավտոբուսն անկառավարելի է դարձել: Մենք դիտարկում ենք նաև մարդկային գործոնը, վարորդը կարող էր շեղվել: Բոլոր հանգամանքները պարզվում են»,-ասել է Յարցևը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկի մոտ, սակայն նրա ցուցմունքներից հետո ոստիկանությունը, հավանաբար, հրաժարվել է այդ վարկածից:

Ավտոբուսում 59 ուղևոր է եղել և 2 վարորդ: 5 մարդ ստացած վնասվածքներից մահացել է տեղում, մեկը` «շտապ օգնության» մեքենայում, ևս մեկը` հիվանդանոցում: Մի քանի ժամ անց մահացել է ևս մեկ տղամարդ:

Ավելի ուշ հայտնի է դարձել նաև, որ 2 անչափահասները` 16-17 տարեկան, չեն տուժել: Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Եթե պատճառը տեխնիկական է, ապա օրենքի առջև պետք է պատասխան տա տրանսպորտային ընկերությունը, որը թույլ է տվել, որ անսարքություն ունեցող ավտոբուսը դուրս գա երթուղի:

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ նոյեմբերի 3-ին ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:

«Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - ասվում է ուղերձում:

Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով ՌԴ համապատասխան մարմինների հետ գործակցությունը:

Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել ՀՀ տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:

ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---