Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ՝ ֆրանցիսկյան միաբանության գլխավոր եկեղեցում 4 նոյեմբերի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին՝ Իտալիայի Ասիզի քաղաքի Սբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ասիզիի Սբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան մոտ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը: Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից: Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ: Խաչքարի օծման արարողությունից հետո դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության գործակցությամբ 2015-ի մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար: Դեսպանը նկատել է, որ անցյալի ցեղասպանությունների հիշողությունը պահպանելու անհրաժեշտության հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Այդ համատեքստում նա անդրադարձել է Միջին Արևելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագություններին: Դեսպան Ղազարյանը ներկայացրել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքները: Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին, իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000-ին: 2015-ի հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին: Աբրուցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է: 2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում: 2015-ի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»: 2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: 2012-ին Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |