Բաբայան. Արցախի մասին հակահայկական զեկույցը գնված է

Բաբայան. Արցախի  մասին հակահայկական զեկույցը գնված է

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերածվել է Բաքվի շուկաների տաղավարի, որտեղ կարելի է առևտուր անել և գնել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի նման մի փաստաթուղթ, որը ինքնին հարված է եվրոպական արժեքներին: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Բաբայանի խոսքով, պարզ է, որ դա ադրբեջանական զեկույց է, Ուոլտերը պարզապես դրել է իր ստորագրությունը, իսկ ԼՂՀ-ն դրանից վրդովվում է, քանի որ Արցախը ժողովրդավարությունը դիտարկում է կարևորագույն սկզբունք:

«Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս: Բնական է, որ մենք չէինք կարող նման փաստաթղթերի շրջանակում որևէ քննարկում ունենալ: Ադրբեջանի կողմից նման պահվածը սպասելի էր, սակայն մեզ համար տհաճ է, որ ԵԽԽՎ-ի պես կազմակերպությունում նման կոռուպցիոն գործընթացներ են ներթափանցում», - ասե լէ նա. մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, իրենք տեղյակ էին, որ նման զեկույց է կազմվում, պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ հայտարարել էր, որ պատրաստ է գործակցել ցանկացած զեկույցի կազմման աշխատանքներին, բայց այդ ամենը պետք է լինի ողջամիտ, օբյեկտիվ:

«Զեկույցն ի սկզբանե պատրաստվել է Ադրեջանի կամ արտգործնախարարությունում, կամ նախագահականում: Բնական է, որ մենք չէինք կարող ընդունել նման փաստաթղթի շրջանակում որևէ փոխգործակցություն, թեև բազմիցս մեսիջներ ենք ուղարկել՝ վերանայեք զեկույցի փիլիսոփայությունը, փոխեք բովանդակությունը, մենք կաջակցենք: Սակայն որևէ բան չփոխվեց», - ասել է Բաբայանը:

Նա նաև նշել է, որ Ուոլտերի կինը ազգությամբ թուրք է, բիզնես շահեր ունի Ադրբեջանում, իսկ Ուոլտերն էլ ցանկացել է կենսաթոշակային ժամանակահատվածում ավելի բարեկեցիկ դարձնել իր կյանքը:

Նոյեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է այն հարցին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։

ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է ՈւորլիքըTwitter-ի իր միկրոբլոգում:

Ուոլթերը կազմել է զելույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: 2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով:

Կարդացեք նաև՝ Զոհրաբյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---